Երբ Կոմիտասը նետվեց` մի քարե պատի ետեւում թաքնվելու, երկրորդ արկը դիպավ պատի անկյունին ու նրան գետին տապալեց: Հետ նայելով պտտվող փոշու միջով` նա փնտրեց Մոնթեին: Հանկարծ Կոմիտասը նկատեց Մոնթեին` 10 մետր այն կողմ աջ կողքի վրա պառկած, ծառայողական մեքենայից մի քանի քայլ հետ: Նա անշարժ էր:
       Կոմիտասը մի քանի քայլ վազեց դեպի Մոնթեն, բայց ձախ ծունկը չէր ենթարկվում, եւ մի այրող ցավ խոցեց նրա ազդրը: Կոմիտասի ծնկին բեկոր էր դիպել: Նա Հովիկին կանչեց, որ գա տեսնի, թե ինչ է պատահել Մոնթեին, հետո սողալով մտավ թշնամու տանկից մի քանի մետրի վրա, քարե պատի ու ճանապարհի միջեւ գտնվող ծանծաղ առվի մեջ ու փորձեց ծածկվել չոր խոտով:
       Հովիկը նույնպես մի ոտքից վիրավոր էր, բայց դա չխանգարեց հսկա մարտիկին` կաղեկաղ վազել ճանապարհի մեջտեղը` ուղիղ БМП-1-ի առաջ, Մոնթեին կրակագծից դուրս բերելու համար: Հասնելով նրան` Հովիկը հրամանատարին դեմքի խաղաղ արտահայտությամբ պառկած տեսավ: Նա Մոնթեին ուսերից բարձրացրեց, որպեսզի հանի նրա «ուոքի-թոքիի» փոկը, բայց ցած գցեց` տեսնելով ուղիղ աջ ականջի վերեւում ճակատի ջախջախված մասն ու գլխի տակ լճացած թանձր արյունը: Արկի մի մեծ բեկոր էր դիպել նրան հետեւից, հավանաբար` աջ ուսի վրայով, երբ նա մեջքը պատին դարձրած նայել էր ադրբեջանական տանկին (կամ բեկորը, ծառայողական մեքենայի հետեւում գտնվող քարե պատից հետադարձվելով, դիպել էր նրան ձախ ուսի վրայով, երբ նա մի պահ գլուխը շրջել էր դեպի պատը):
       Հովիկը ճանապարհի մեջտեղում կանգնած ողբում էր.
       -
Ավոն չկա՜:
       «
Նա մի տեսակ մոռացել էր թշնամու մասին, - 4 տարի անց Սեդային պատմում էր Վարդանը. - կանգնել էր ճանապարհի մեջտեղում ու հեկեկում, գոռում էր: Ես երբեք չեմ մոռանա այդ ձայնը»:
       - Սպանե՛ք ինձ, - տնքում էր Սարոն:
      Հովիկը Մոնթեի ուսից հանեց Alinco ռադիոն, որի մեջ, լալով եւ հետ ու առաջ ճոճվելով, գոռում էր.

<< 1 2 3 4 5 6 7 >>