Քանի որ Մարտունու շտաբը БМП-1 չուներ, Կոմիտասը ենթադրեց, թե մարտիկներն ու զրահամեքենան օժանդակ ուժեր էին Ասկերանից, իսկ Սարոն կարծեց, որ նրանք Բերդաշենից էին: Կոմիտասը մեքենան կանգնեցրեց ճանապարհի մեջտեղում եւ իջավ` բնազդաբար վերցնելով իր ինքնաձիգը: Մոնթեն էլ դուրս եկավ` մեքենայի դիմացով անցնելով դեպի վարորդի կողմը: Տանկի շուրջը պարապ կանգնած երիտասարդ զինվորները քիչ ուշադրություն դարձրին նրանց վրա: Կոմիտասն իր սիրելի զինվորական վերնաշապիկով էր, որ ռազմավար էր` ուսի վրա Ադրբեջանի դրոշով: Նա քայլեց դեպի խմբից մի քանի մետր այն կողմ` քարե պատի մոտ կանգնած զինվորը եւ տեղական բարբառով բղավեց.
       -
Էլլի՛ արի էստեղ:
       Զինվորը շփոթված դեմքով մի քայլ հետ գնաց:
       Կոմիտասի աչքերը բոցավառվեցին.
       -
Տղե՛րք, սրանք թուրքե՜ր են, - գոռաց նա, լիցքավորեց ինքնաձիգն ու կրակահերթ արձակեց զինվորների վրա, որոնք վազեցին` տանկի հետեւում թաքնվելու: Մյուս 4 հայ ուղեւորները դուրս թռան ծառայողական մեքենայից` փորձելով թաքնվել արճիճի տարափից:
       Թե ինչ պատահեց հաջորդ մի քանի վայրկյանների ընթացքում` լիովին պարզ չէ. վկայությունների մանրամասները տարբերվում են: Սարոն պնդում էր, թե թշնամու 3-4 մարտիկ ընկել էին գետնին, եւ Կոմիտասը հաստատում էր, որ ինքն էլ տեսել է մի քանի տապալվող մարմին: Մոնթեն, թաքստոց գտնելու համար հետ-հետ գնալիս, կարող էր կրակած լինել իր «կալաշնիկովից», կամ` պառկած լինել ճանապարհին, որպեսզի իրեն չխփեն, եւ հետո կրակել:
       Մինչ ադրբեջանցի զինվորները ծառայողական մեքենան մաղ էին դարձնում, Սարոն ու մյուսներն էլ էին կրակում` դրանով բացահայտելով իրենց դիրքերը: Թշնամու զինվորները կրկին նշան բռնեցին եւ երեք անգամ վիրավորեցին Սարոյին` թեւից ու մեջքից: Նա սողալով հասավ ճանապարհի արեւելյան կողմում գտնվող առվին ու մարմինը սեղմեց գետնին: Այդ ժամանակ թշնամու տանկի հրետանավորն արդեն լիցքավորել էր իր հարթափող հրանոթն ու նշան բռնել: Սուլելով ինչպես գնացքը երկար թունելի մեջ` 73 միլիմետրանոց մի արկ թռավ ծառայողական մեքենայի վրայով եւ պայթեց` ճանապարհի մյուս կողմում գտնվող սպիտակ քարե պատնեշի մեջ անցք բացելով ու փոշու ամպ բարձրացնելով:

<< 1 2 3 4 5 6 7 >>