1988-ին սկսված Արցախյան ազգային ազատագրական շարժումը նրան գտավ Ֆրանսիայում: Արցախցիների` մայր Հայաստանի հետ վերամիավորման պայքարում Մոնթեն տեսավ բաղձալի երազանքի` հայկական հողերի ազատագրման, Հայ Դատի պաշտպանության իրական հնարավորություն: 1991-ին ժամանեց Հայաստան` իր նպաստը բերելու հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը: Նույն թվականի սեպտեմբերին Մ.Մելքոնյանն առաջին անգամ հայտնվեց Հյուսիսային Արցախում եւ սեպտեմբերի 14-18-ը մասնակցեց Էրքեջի, Բուզլուխի եւ Մանաշիդի ազատագրական մարտերին: Շահումյանի շրջանում մարտնչեց երեք ամիս: Կարճատեւ բացակայությունից հետո Ավոն նորից Արցախում էր` արդեն որպես Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար: Մեծապես հենց նրա անվեհերության եւ պատերազմելու բարձր վարպետության շնորհիվ ԼՂՀ արեւելյան թեւը վերածվեց անառիկ ամրոցի: Հակառակորդի հարյուրավոր զինվորներ են իրենց անփառունակ վախճանը գտել Մաճկալաշենի, Կարմիր-Շուկայի, Սոսի, Ճարտարի մատույցներում, որոնց պաշտպանությունն անմիջաբար ղեկավարում էր Ավոն: Նրա արծիվները խփել են թշնամու ավելի քան 80 տանկ, շուրջ 50 ՀՄՄ, 15 ԲՐԴՄ: Նրա կայծակնային հարվածների ուժը թշնամու զինվորներն զգացել են ո°չ միայն Մարտունու ուղղությունում. Ավոն իր հաղթական հետքերը թողել է ռազմաճակատի գրեթե բոլոր տեղամասերում: Մեծ էր նրա ներդրումը Մարտակերտի ազատագրման եւ Քելբաջարի կրակակետերի ոչնչացման գործողությունների կազմակերպման ու իրականացման գործում: Իր վերջին մարտում նա խիզախորեն դիմավորեց հակառակորդի զրահաջոկատին, եւ միայն արկի կույր բեկորը զրկեց նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինը եղավ Ավոյի համար: Անսահման էր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Մոնթե Մելքոնյանի կորստի դառնու-թյունը: Նրա մահը սգում էր համայն հայ ժողովուրդը: Նա իր մարտական ընկերներին, Արցախի ժողովրդին թողեց Մարտունու պաշտպանական ամրակուռ ամրոցը, որի տաղանդավոր ճարտարապետն էր, թողեց անմահ գործեր, բարի անուն, որը ոսկե տառերով է գրված Արցախի ազգային ազատագրական պայքարի տարեգրության մեջ:



       Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի եւ Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվելով "Հայրենիք" եւ "Ոսկե Արծիվ", ինչպես նաեւ ԼՂՀ "Մարտական խաչ" առաջին աստիճանի շքանշաններով: Ամենավսեմ պարգեւը Ավոյի համար ազա-տագրված Արցախն է, պատմական հայրենիքի մի բեկորի փրկությունը, իբրեւ սկիզբ Հայոց միասնական Հայրենիքի լիովին ազատագրման: