Մոնթեյի մահը...

       Հունիսի 12-ն էր: Մեկ ժամ շարունակ Մոնթեն հրամաններ էր տալիս: Հետո Կոմիտասը նրան, Սարիբեկին ու մի ռադիոօպերատորի տարավ Չեյիլի բարձունքի հրամանատարական դիրքը, որ կոչվում էր «Խրամատ 08»: Նրանք ռադիոկապ հաստատեցին գիշերվա ժամը 3:30-ին: Մոնթեն միշտ նախընտրել էր մարտի ժամանակ ճակատագծում լինել, բայց այդ օրը նա պիտի մնար հրամանատարական դիրքում: Ժամանակն էր, որ նրա մարտիկները սովորեին կռվել առանց ճակատագծում իր առաջնորդության:
       Առավոտյան ժամը 4-ին ադրբեջանցի մի հրամանատար զինվորներին արթնացրեց իրենց գիշերային ճամբարում` Գարգար գետի վրայով գցված կամրջի մոտ, դաշտի` Աղդամ քաղաքից ճիշտ արեւելք գտնվող հատվածում: Խմբում մոտ 60 զինվոր կար, նաեւ` 1 տանկ եւ 2 զրահամեքենա` БМП-1 եւ БМП-2: Ադրբեջանցի հրամանատարն իր նորակոչիկներին տեղեկացրեց, որ թշնամին այդ առավոտ գրոհելու է: Նրանք սկսեցին իրենց հանդերձանքը հավաքել:
       Մոնթեի հրամանով հրանոթներն ու տանկերը խախտեցին լուսաբացի լռությունը` ջարդվող տախտակների աղմուկ հանելով: Աղդամն ու շրջակա ադրբեջանական գյուղերը ռմբակոծելուց հետո` Մարտունու տանկերն ու զինվորներ տեղափոխող մեքենաներն սկսեցին իրենց սարերից իջնել դեպի թեթեւակի թեքություն ունեցող Աղդամի դաշտը եւ հայտնվեցին երկկողմանի ասֆալտապատ ճանապարհին, որ ոլորվում էր Մերզուլիի լքված մրգատու այգիների ու ցորենի դաշտերի միջով: Մերզուլի չհասած, մի խաչմերուկում, նրանք բաժանվեցին երեք խմբի ու շարժվեցին դեպի իրենց նշանակետերը: Նելսոնի խումբը, առաջնորդող տանկով, հարավից մտավ Մերզուլի: Առավոտյան ժամը 10-ի մոտ Յուսուֆջանլիից ու Կիամաթլուից պարուրաձեւ ծուխ էր բարձրանում: Մավոյի խմբի գրոհի հետեւանքով Յուսուֆջանլիում 5 գյուղացի էին սպանվել:

       Բարձունքի վրա իր դիրքից Մոնթեն հոնքերը կիտած նայում էր հեռադիտակով: Նրա ռադիոն խշշում էր ենթահրամանատարների` դաշտից ուղարկած հաղորդագրություններից, բայց հյուսիս-արեւմուտքում` Ասկերանում գտնվող իր զինակիցները որոշ ժամանակ դուրս էին ռադիոծածկույթից: Նրանց տանկերից մեկը կամ ականի էր դիպել, կամ խփվել արկով: Պայթյունի հետեւանքով զոհեր էին եղել, եւ շարասյան առաջխաղացումը խափանվել էր` նախքան նրանք կավարտեին թշնամու զորքերը Մերզուլիից հյուսիս գտնվող տարածքից դուրս մղելը: Քանի դեռ թշնամու ուժերի` մոտակայքում դարանակալելու հավանականությունը կար, Արցախի մարտիկների համար վտանգավոր կլիներ Մերզուլիում դիրքեր գրավելը: Մոնթեն ի վերջո ռադիոյով կապվեց Ասկերանի հետ ու առաջարկեց, որ իր մարտիկներն ավարտեն օպերացիայի իրենց բաժինը: Այդ միջոցին Սարիբեկը մեկնվել էր մոտակա թփերի մեջ` մի քիչ ննջելու:

1 2 3 4 5 6 7 >>